«Ադեկվադ» միաբանության անդամներին ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկեցին

«Ադեկվադ» միաբանության անդամներին ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկեցին

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության անդամներին՝ շուրջ 20 հոգի, բերման են ենթարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքից, որտեղ նրանք լուռ համերաշխանությունն էին հայտնում միջազգային կառույցների լռակյաց վարքագծին՝ «Շարունակեք պահպանել լռություն», «Շնորհակալ ենք մեր ներքին խնդիրներին չմիջամտելու համար», «Գառների լռությունը» և այլ նմանաբովանդակ պաստառներով։

Միաբանության անդամների նպատակն էր նաև նամակ հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին, որում մասնավորապես ասված է․

«Ադեկվադ» միաբանության և մեր համակիրների անունից ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին չխառնվելու և լռություն պահելու համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանը ձեր գործակալական ցանցերի ենթակայության տակ չէր, դուք մասնակցություն եք ունեցել ՀՀ-ում տեղի ունեցող գրեթե բոլոր քաղաքական գործընթացերին՝ շարունակ վկայակոչելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իշխանությունների տարանջատումը և սահմանադրական այլ արժեքներ, իսկ այսօր մենք մեծ ուրախությամբ ականատեսն ենք դառնում ձեր երկար սպասված լռության:

Դուք լռել եք, երբ մեզ ապօրինաբար բերման էին ենթարկում, երբ մեր ընտանիքի անդամներին թիրախավորում և հետապնդում էին: Դուք խոսել եք միայն այն ժամանակ, երբ «անհանգստացել են» սեռական փոքրամասնությունները, աղանդավորները, օտարերկրյա գործակալները, թեև կարծում ենք, որ շուտով անհանգիստ ժամանակներ են սկսվելու նաև վերջիններիս համար, և միևնույն է՝ կրկին կոչ ենք անում ձեզ պահպանել լռություն:
Ի նշան աջակցության՝ մենք դեսպանատան հարևանությամբ ևս միանում ենք լռության այդ ուխտին:»

Leave a comment