ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
***
Հոդված 1.
1. 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը 300.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 300.3-րդ հոդվածով.
«Հոդված 300.3. Հայկականությունը վիրավորելը
1. 1915-1923 թվականներին Օսմանյան Կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության փաստը հրապարակայնորեն հերքելը կամ արդարացնելը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ժխտելը, դրա դեմ այլ կերպ արտահայտվելը կամ այդ իրավունքից հրաժարվել քարոզելը, Թուրքիայի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի ակտը ժխտելը կամ արդարացնելը, Հայաստանի Հանրապետության կամ դրա տարածքների, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կամ 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության իրավազորության ներքո գտնված տարածքների կամ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հայկականությունը հրապարակայնորեն հերքելը կամ հայ ժողովրդի մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական արժեքների հայկականությունը ժխտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
- հանրային պաշտոն զբաղեցնող կամ երբևէ հանրային պաշտոն զբաղեցրած անձի կողմից.
- օտարերկրյա պետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա իրավաբանական անձի կողմից ֆինանսավորմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:»: