ԱԴԵԿՎԱԴ

Միաբանության
Առաքելությունը, Տեսլականը, Հիմնարար Արժեքները

Առաքելություն

Ցանկացած մարդու անձնական երջանկության ճանապարհը չորս համամարդկային առաքինության ձգտելու մեջ է: Հայ մարդու երջանկության բանաձևը, լավ ապրելու բանաձևը նույնպես լավ մարդ լինելու մեջ է: Ավելին, ստիպված լինելով հաշվի նստել մեզ պարտադրված օբյեկտիվ տնտեսական ու աշխարհաքաղաքական իրականության հետ` մենք պարտավոր ենք լինել ոչ միայն լավը, այլ ձգտենք լինել ամենալավը, ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը:Ադեկվադ միաբանության առաքելությունն է քարոզել և բոլոր նպատակահարմար միջոցներով նպաստել հայ մարդու ինքնակատարելագործմանը՝ չորս համամարդկային առաքինություններին ձգտման միջոցով:

Տեսլական

Տեսանելի ապագայում միաբանության տեսլականն է ստեղծել այնպիսի կառույց, որը թույլ կտա համախմբել Հայաստանում բնակվող այն մարդկանց, ովքեր կիսում են միաբանության անդամների հայացքները և պատրաստ են հետևողականորեն կյանքի կոչել միաբանության առաքելությունը:

Արժեքներ

Սեփական առաքելությունը կյանքի կոչելիս ադեկվադները պարտավոր են հավատարիմ մնալ գերակա արժեքային հիմնասյանը, այն է՝ սեփական օրինակով քարոզել լավը, հետևողականորեն և կարգապահորեն հետամուտ լինել Ադեկվադի գաղափարների տարածմանը:

Ռազմավարություն

Հայության լավ ապրելու, լավը լինելու առաքելության կյանքի բերման հիմնական երաշխիքն է դաստիարակչական, քարոզչական աշխատանքը, որի համար անհրաժեշտ է հատկացնել բավարար ժամանակ: Այդ ժամանակի հատկացմանը պետք է միտված լինեն ռազմավարական ջանքերը: Առնվազն երկու սերունդ պիտի ստանա հնարավորություն ապրել ֆիզիոլոգիական և ֆիզիկական անվտանգության սպառնալիքներից զերծ:

Մարտավարություն

Մեզ համար ժամանակ շահելու ամենահավանական երաշխիք կարող է հանդիսանալ միայն ազգային պետությունը: Պետություն, որը, թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ գաղափարական նկատառումներից ելնելով, դատապարտված է լինել պաշարված ամրոց: Պետք է կերտել պաշտպանիչ օղակներ, ամրոցից դուրս կառուցել մարտահրավերներին համապատասխան պատեր, իսկ ներսում վարել իրավիճակին համահունչ տնտեսական և սոցիալական քաղաքականություն: Ռազմավարական նպատակից է բխում կերտել այնպիսի ենթակառուցվածքային ներուժ, որը թույլ կտա պատերազմել 40 տարի շարունակ՝ գտնվելով շրջափակման մեջ և վարելով բազմահարկ շրջանաձև պաշտպանություն` դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, գիտական և այլ հարթություններում:

Պետության կառավարման մոդելը և տնտեսությունը պետք է, առաջին հերթին՝ կարողանան ապահովել մարտունակ բազմահարկ պաշտպանիչ ենթակառուցվածքներ, երկրորդ հերթին` դրական ժողովրդագրական դինամիկա, երրորդ հերթին` պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար, չորրորդ հերթին` վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին սուբյեկտների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն: Սրանք են չորս հիմնական մարտավարական գերակայությունները:

Օպերատիվ

Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով, օպերատիվ մակարդակում անհրաժեշտ է ձեռնարկել լայնածավալ բարեփոխումներ:

Պաշարված ամրոցում յուրաքանչյուր մարդ՝ քաղաքացի լինելուց զատ, նաև զինվոր է՝ անկախ սեռից և տարիքից: Յուրաքանչյուր անձ պետք է հստակ իմանա իր տեղն ու անելիքը, թե՛ պասիվ պաշտպանական գործողությունների ընթացքում (աշխատավայրում կամ կրթական հաստատությունում), և թե՛ ակտիվ պաշտպանական գործողությունների ժամանակ (առաջնագծում կամ թիկունքում): Դիվանագիտական կորպուսը, զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, պետական հաստատությունները և սփյուռքի կենսունակ օղակները պետք է ինստիտուցիոնալ կերպով նախապատրաստվեն հարատև` տասնամյակներ ձգվող մարտական գործողությունների:

Հաշվի առնելով ներկայիս ժողովրդագրական միտումները և գլոբալ միգրացիոն տենդենցները՝ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեղեկատվական քաղաքականությանը: Դրա հետ մեկ տեղ ներդնել ծնելիությունը խրախուսող՝ օրենսդրական, հարկային, կենսաթոշակային և գաղափարախոսական հիմքեր: Միջին վիճակագրական զույգը այսօրվա Հայաստանում չի կարող ունենալ ընդամենը 1.3 երեխա և հուսալ, որ պետությունն իր բնական ռեսուրսներից կփոխհատուցի դրանից բխող կենսաթոշակային ճեղքվածքը: Անհրաժեշտ է նաև սատարել այնպիսի հանրույթների ստեղծմանը, որոնք կամավոր հիմքով պատրաստակամ կլինեն օրինակ ծառայել և զսպել պոստ-մոդերնիզմի քայքայիչ ազդեցությունը իրենց հասարակության վրա: Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտել նաև Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը:

Անհրաժեշտ է ներդնել կրթական և առհասարակ դաստիարակչական հիմնական երկու նարատիվ՝ առաջին, ձգտել համամարդկային չորս առաքինություններին՝ խոհեմության, ողջախոհության, արիության և արդարությաւն, և երկրորդ, քաղաքացիական երեք սկզբունքի՝ պետության, պատասխանատվության, հակազդեցության: Սկսած մանուկ հասակից, քաղաքացիները պետք է դաստիարակվեն, կրթվեն, զարգանան՝ ձգտելով վերոհիշյալ երկու նարատիվի: Այս նպատակով պետք է շահագործել ոչ միայն բուն ուսումնական հաստատությունները, այլ մշակութային, սպորտային և երիտասարդական միջոցառումների ողջ գործիքակազմը: Գիտական մակարդակով հատուկ շեշտ պետք է դրվի պատմությունը և մասնավորապես հայոց պատմությունը օբյեկտիվորեն և համապարփակ լուսաբանելու վրա:

Հայոց պատմագիտությունը, իր վերջին 1600 տարվա բոլոր անփառունակ տապալումներով հանդերձ, պետք է հիմք հանդիսանա հայկական քննադատական մտքի զարգացման համար: Պետք է օբյեկտիվ, իրավական և պատմագիտական քննության հիման վրա լուսաբանվեն՝ ոչ միայն նախնադարյան մութ էջերը, այլ նաև ՀՀ նորագույն պատմության խնդրահարույց դրվագները, ինչպիսիք են հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, հուլիսի 17-ը, ապրիլի 23-ը:

Արտաքին քաղաքական դոկտրինի հենասյունը պետք է դառնա հարաբերությունների կարգավորումը և զարգացումն՝ ըստ բնական շահերի համադրելիության: Դիվանագիտական ջանքերը պետք է միտվեն առաջին հերթին այն ուղղություններին, որտեղ կա օբյեկտիվ փոխշահավետ համագործակցության հիմք: Հարկավոր է զերծ մնալ ոչ միայն մեր հանդեպ բացահայտ թշնամական վերաբերմունք դրսևորող սուբյեկտների, այլ նաև նրանց աջակիցների ու հովանավորների հետ հարաբերություններ հաստատելուց: Շահը պետք է ընկած լինի արտաքին քաղաքականության հիմքում` հստակ չափելի ու շոշափելի, այլ ոչ եթերային, շինծու արժեհամակարգային հեքիաթները:

Վերոհիշյալ բարեփոխումների իրականացման և ենթակառուցվածքների կերտման նպատակով, անհրաժեշտ է մեկտեղել և պաշտպանել ողջ ազգային ռեսուրսային բազան՝ լինի դա բնական ռեսուրս, ֆինանսական կապիտալ, թե՛ սպառման շուկա: Անհրաժեշտ է ներդնել պրոգրեսիվ հարկային մեխանիզմ՝ ֆիզիկական անձանց համար և ռեգրեսիվ մեխանիզմ` իրավաբանական անձանց համար: Հիմնարկների խոշորացումը պետք է խրախուսվի՝ ոչ միայն հարկային արտոնություններով, այլ նաև հովանավորչությամբ, թե՛ ներմուծման դեմ և թե՛ արտահանման համար: Ներմուծումը փոխարինելով տեղական արտադրանքով՝ անհրաժեշտ է նաև զսպել սպառողականությունը, խրախուսել խնայողությունները և կապիտալ ներդրումները: Ուսման վարձը պետք է գերադասվի կնունքի ու ծնունդի քեֆի ծախսերից, ինքնազարգացմանն ուղղված ներդրումները պետք է գերադասվեն նոր հեռախոսի կամ հագուստի ծախսերից: Անհրաժեշտ է վերականգնել շքեղության հարկումը` մինչև աղքատության մակարդակը չիջնի 10%-ի առնվազն: Պետությունը պետք է վերահսկի՝ ոչ միայն սեփական թերարժեքության բարդույթները շքեղությամբ քողարկող անձանց քայքայիչ ազդեցությունը, այլ նաև վնասակար սովորությունների շահագործումը: Ալկոհոլի, ծխախոտի ու շահումով խաղերի շուկաներում գոյացած շահույթը պետք է լիարժեք վերահսկվի պետության կողմից: